ՀՀ դատախազությունը ստուգում է Առինջի կառուցապատման գործը

ՀՀ դատախազությունը «Հետք» լրատվական կայքի հրապարակումը, որը վերաբերում է Առինջում կառուցված շենքերի և առանձնատների գործին, ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթի ընթացքը լուծելու նպատակով։

Խոսքը վերաբերում է այն աղմկահարույց պատմությանը, որի շրջանակում բացահայտվել էր Առինջում կառուցապատված թաղամասի կոռուպցիոն շղթան։ Ըստ հրապարակման՝ Առինջում «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի կողմից կառուցված թաղամասում ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դեռևս 2023 թվականի դեկտեմբերին մատչելի պայմաններով ձեռք էր բերել բնակելի տուն՝ թաունհաուս։

Ուշագրավն այն է, որ Կոնջորյանը գույքը ձեռք էր բերել շուկայականից և նույնիսկ կառուցապատողի հայտարարած գնից էժան՝ մեկ քառակուսի մետրի համար վճարելով ընդամենը 300 հազար դրամ, այն դեպքում, երբ վաճառքի հայտարարված գինը կազմել էր 420 հազար դրամ։

Հետագայում պարզվել էր նաև, որ նույն կառուցապատողից բնակարան են ձեռք բերել նաև Հայկ Կոնջորյանի մայրը՝ Արմինե Կոնջորյանը, և քույրը՝ Օֆելյա Կոնջորյանը՝ հենց Հայկ Կոնջորյանի թաունհաուսի դիմաց։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ այս պահին ստուգողական գործողություններ են իրականացվում։ Սա երկրորդ ստուգողական գործողությունն է Կոնջորյանի առանձնատան մասով։ Մեկն էլ սկսվել էր «Ժողովուրդ» օրաթերթի դիմումի հիման վրա։

Այսպիսով, մամուլի հրապարակմամբ բարձրացված հարցերն արդեն մտել են իրավապահ համակարգի քննության դաշտ։