Հիմնական երկու ընտրազանգվածները Հայաստանում

Հայաստանում, Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից հետո, ձևավորվում է երկու հիմնական գաղափարական ընտրազանգված։ Այս պարզացումը կարևոր է, քանի որ այն թույլ կտա ընտրողին ճշգրիտ գնահատել իր քաղաքական նախընտրությունները։

Ընդդիմության առաջին և ամենակարևոր խնդիրն այս բնականոն ընտրության գործընթացը չբարդացնելն է։ Պետք է խուսափել մանևրներից, թաքնված նկատառումներից և կեղծ հնարավորություններից։ Ընտրողին պետք է ներկայացնել միայն մեկ հարց, որը պարտադիր է ստիպում նրան պատասխանել։

Այս հարցը հետևյալն է․ Պատրաստ եք Փաշինյանի օրինակով շնորհակալություն հայտնել Ալիևին, թե՞ ոչ։

Այս պարզ հարցադրումը կօգնի մեր հասարակությանը կատարել իսկական ընտրություն։ Հերթական ԱԺ ընտրությունները այս անգամ իրականում քաղաքակրթական ընտրություններ են դառնում։

Եթե դուք քվեարկում եք գործող իշխանության օգտին, դուք Փաշինյանի քաղաքականության շարունակությանը ձեր համաձայնությունն եք տալիս, ինչը նշանակում է, որ դուք աջակցում եք նաև Ալիևին շնորհակալություն ասելու գաղափարին։

Եթե դուք չեք պատրաստվում շնորհակալություն ասել, ապա պետք է քվեարկեք այն ուժերի օգտին, որոնք հստակորեն հրաժարվում են այդ գաղափարից՝ ըստ ձեր ծրագրային նախընտրությունների։

Այս պարզեցումը կօգնի արագ հստակեցնել նախընտրական մթնոլորտը։ Դրանից հետո քաղաքական վեճերը, առաջարկները և ծրագրային քննարկումները կունենան շատ ավելի մեծ արդյունավետություն։

Մենք պետք է փոխենք իշխանությունը, որպեսզի Հայաստանը խաղաղ ապրի։