Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծման ակունքներում եղած և երկար տարիներ Շիրակի մարզային և Գյումրու քաղաքային խորհուրդների աշխատանքներին համակարգող անձ, ով մի քանի անգամ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր՝ կուսակցության կազմում, ցանկանում եմ հայտնել իմ անվերապահ աջակցությունը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրին։
Իմ համոզմունքն է, որ մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծումը հնարավոր է միայն միասնության, հանրային համերաշխության և համատեղ աշխատանքի միջոցով։
Որպես Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր՝ ես անձնականորեն տեսել եմ, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը յուրահատուկ ուշադրություն և հոգատարություն ցուցաբերում ոչ միայն ուսանող երիտասարդությանը, այլև մարզաշխարհին և բոլոր բնագավառներին՝ կրթությունից մինչև գիտություն, արվեստ և հոգևոր կյանք։ Նրա ուշադրության կենտրոնում միշտ եղել են նաև Գյումրու քաղաքի խնդիրները, որոնցից մի մասը, շնորհիվ նրա անմիջական հովանավորության և աջակցության, արդեն իսկ լուծում է ստացել։
Այս համատեքստում ես կոչ եմ անում իմ բոլոր նախկին ուսանողներին, ինչպես նաև այսօրվա երիտասարդ սերունդներին՝ դառնալ այս ծրագրի քննարկման և ուժեղացման ակտիվ մասնակիցներ։ Սա բացառիկ հարթակ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է լսելի դարձնել իր ձայնը և ներդրել իր գաղափարները մեր երկրի ապագայի կառուցման գործում։
Մենք իրավունք չունենք անտարբեր լինել մեր հայրենիքի ճակատագրի նկատմամբ։
Վարդևան Գրիգորյան
ՀՀ վաստակավոր մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր












