Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը մասնակցելու է Եպիսկոպոսաց ժողովին՝ ճնշման ներքո

Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ըստ տեղեկությունների, «դարձի եկել» է՝ ճնշման ներքո։

Պատմվում է, որ արքեպիսկոպոսի վրա ճնշումներ են գործադրել ամերիկյան հայ համայնքի եւ իր թեմի քահանաները։ Նրան առաջարկել են երկընտրանքի առջեւ կանգնել՝ կա՛մ շարունակել հավատարիմ մնալ Մայր Աթոռին, կա՛մ նամակ ուղարկել՝ իր թեմակալ առաջնորդությունը դադարեցնելու պահանջով։ Եվ միայն այս ճնշումներից հետո է նա հայտարարել, որ փետրվարի 16-19-ի ընթացքում կմասնակցի Եպիսկոպոսաց ժողովին, որը Մայր Աթոռը հրավիրել է Ավստրիայում։

Հիշեցնենք, որ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսներից է։ Նախկինում նրանք հայտարարել էին, որ չեն մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին, եւ կոչ էին արել, որ Մայր Աթոռը չեղարկի ժողովը։

Այս փոփոխության հետ կապված, նշվում է, որ Հովնան արքեպիսկոպոսը չի հայտարարել, որ լքում է Փաշինյանի կողմից ստեղծված Եկեղեցու բարենորոգման խորհուրդը։ Ըստ աղբյուրների՝ նրան Փաշինյանի կողմը բերելու ուղղությամբ համառ ջանքեր են տարել ներկայիս եւ նախկին դեսպաններ Նարեկ Մկրտչյանն ու Լիլիթ Մակունցը։