Հայաստանի հայտնվելը այսպիսի աննախադեպ ճգնաժամի մեջ, որը ներառում է Արցախի հայաթափումը, սուվերեն տարածքների օկուպացիան և պետության անվտանգության հիմնարար սկզբունքների խախտումը, ունի մեկ հստակ պատճառ՝ իշխանության կողմից արտաքին քաղաքականության և դիվանագիտության հասկանալու և կիրառելու անկարողությունը։
Այս հանգամանքը հատկապես ակնհայտ դարձավ վերջին օրերին, երբ պետության ղեկավարը Եվրոպական խորհրդարանի ամբիոնից հանդես եկավ՝ հայտարարելով, թե Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսները խախտել են հոգևոր կանոններ և հանդես են գալիս որպես ազդեցության գործակալներ, որոնք փորձում են խանգարել նրա «խաղաղությանը»։
Նման ելույթի հնարավոր հետևանքները միջազգային ասպարեզում բացատրելը բառերով գրեթե անհնար է։ Այն ոչ միայն անհեթեթ է, այլև խորհրդանշում է մարդու անհամաչափ անտեղյակությունն այն մասին, թե ինչպես պետք է վարվել դիվանագիտական հարթակում։
Այս դեպքը հստակ ցույց է տալիս, որ 2018 թվականից ի վեր՝ իշխանությունը ո՛չ բանակցային գործընթացում, ո՛չ պատերազմի նախաշեմում, ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ դրանից հետո, և ո՛չ էլ մինչ օրս չի հասկացել, թե որտեղ և ինչպես կարելի է խոսել, ինչը պահանջվում է, ինչը հետաքրքրում է, և ինչը բացահայտում է թուլություն, տգիտություն և անտարբերություն։
Հայաստանի ներկայիս վիճակի պատճառը հենց այս անհամաչափ անտեղյակությունն է։ Որպեսզի երկիրը կարողանա խաղաղ և անվտանգ ապրել, անհրաժեշտ է իշխանության կառուցվածքի ռադիկալ փոփոխություն։ Այս պարզ հարցադրումը պետք է դառնա մեր քաղաքական մտքի հիմնական ուղղությունը։












